Մեկնարկել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի 2013-2014 թթ. գավաթի խաղարկությունը: Սա ֆուտբոլասերների համար վերադարձ է բարձրակարգ ակումբային ֆուտբոլ, որի առանձին հանդիպումներ ինտրիգներով, դիտարժանությամբ, խաղային գերազանց մակարդակով պարզապես վայելքի գերագույն պահեր են:
Հայտնի բան է` որքան էլ խաղը գեղեցիկ լինի, կոմբինացիաներով հարուստ, մտահղացումներով լի, կատարողականով` գերող, միևնույն է, դրա պսակը, բովանդակային իմաստը կա ու շարունակում է մնալ գոլը, դարպասի գրավումը: Հավատարիմ սույն պարզ ճշմարտությանը, բարեբախտաբար, շատ թիմեր շտապեցին գոհացնել երկրպագուներիս` ֆուտբոլային երկօրյակը վերածելով գոլային հրավառության: Հատկապես ջանաց Մադրիդի «Ռեալը»: Իհարկե, «Գալաթասարայի» դարպասը վեց անգամ «դրոշմակնքելը» կատարյալ շոկ էր թուրք ֆուտբոլասերների համար, սակայն, կներեք, թուրքերի դարդը մե՞զ են թվել, որ մեր ռաբիս երգիչների հանգույն դնենք ու օրը ցերեկով մուղամը զլենք:
Կարող ե՞ք բացատրել` հանուն ինչի՞ կամ հանուն ո՞ւմ:
Գոնե ես Անատոլուի կողմերից ափսոսանքի արտահայտություններ ինչ-որ չեմ հիշում եվրոպական այս տոնահանդեսին հայերիս չմասնակցելու առնչությամբ, թեպետ, անկեղծ խոսենք, եթե մասնակցեինք, մեր ակումբային ֆուտբոլի այս ապշելու «կլասով» ի՞նչ էինք անելու: Այ, ուրիշ բան, եթե հայկական ժամանակակից ֆուտբոլային բոսերն այդ նույն ժամանակի հետ անվերադարձ չքանան պատմական արենայից, խաղն էլ մեզանում բակայինից անցում կատարի որակապես նոր փուլ, այնժամ կխոսենք ինչ անելու մասին: Իհարկե, սա ֆուտբոլասեր մեր սերնդին վիճակված չէ տեսնել, սակայն եկեք էս անտեր բնավ էլ ոչ լիրիկական զեղումները թողնենք մի կողմ, քանզի դրանք կարող են մեզ շատ հեռացնել բուն ասելիքից:
Հա, ուրեմն, իսպանական ֆուտբոլի հրամցմամբ վեց գոլի ականատես եղանք Բոսֆորի չքնաղագեղ ափի զարդի սրտում, որից երեքը պորտուգալացի թիվ մեկ աստղի կատարմամբ: Իհարկե, այստեղ սկզբունքորեն կարելի էր Ռոնալդուին նաև չառանձնացնել, սակայն ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ համաշխարհային ֆուտբոլի այս վերջին տարիները հատկապես պտտվում են նրա ու Լիոնել Մեսի ֆուտբոլային արքայի անվան շուրջ:
-Երեք գո՞լ, Քրիշտիանու,- չբարձրաձայնված հարց հնչեց Հերկուլեսյան սյուների կողմերից, ու Բարսելոն գնացած «Այաքսի» ուրախությունն էր, որ սկզբի համար Մեսին որոշել էր ընդամենը համարժեքորեն պատասխանել Ռոնալդուին և ոչ թե մեկով կամ մի քանիսով ավելի: Հընթացս տեղեկացնելով, որ «Ռեալը» մրցակցին հաղթել է 6:1, «Բարսելոնը»` 4:0 հաշվով, այդուհանդերձ, տվյալ պարագայում ձեր թողտվությամբ ավելի կարևորենք Ռոնալդուի ու Մեսիի խփած գոլերի քանակը, քանզի այս երևելիների միջև առկա մրցակցությունը բովանդակային առումով ավելի է հարստացնում համաշխարհային ֆուտբոլը:
Ինչ վերաբերում է մնացած հանդիպումներին, նկատենք, որ եվրոպական գրանդ ու առաջատար ակումբները, գրեթե առանց բացառության, թեթև անցան խմբային առաջին խաղերը, եթե, իհարկե, իրար հետ չէին հանդիպում: Այսպես, հակառակ ռուսների բուռն ցանկությանն ու թաքուն երազանքներին, Գվարդիոլայի «Բավարիան» հաղթեց վերամբարձորեն ռուսական Մոուրինյո հորջորջվող Սլուցկու ԲԿՄԱ-ին (3:0), «Մանչեստր Յունայթեդը»` «Բայերին» (4:2), «Մանչեստր Սիթին»` «Վիկտորիային» (3:0), «Միլանը»` «Սելթիկին» (2:0), ՊՍԺ-ն` «Օլիմպիակոսին» (4։1), «Բենֆիկան»` «Անդերլեխտին» (2:0), «Արսենալը»` «Օլիմպիկին» (2։1), Մադրիդի «Աթլետիկոն»` «Զենիթին» (3:1), «Պորտուն»` «Աուստրիային» (1։0), «Շալկեն»` «Ստյաուային» (3:0): Գրանդներից միակ բացառությունը Կոպենհագենում տեղի համանուն ակումբի հետ ոչ-ոքի (1:1) խաղացած իտալական «Յուվենտուսն» էր։
Մոտավորապես նույն սանդղահարթակում գտնվող ակումբներից «Ռեալ Սոսիեդադ»-«Շախտյոր» դիմակայությունում վերջիններս առավելության հասան 2:0 հաշվով:
Եթե նկատեցիք, մինչ այժմ ոչ մի հիշատակում չենք արել լոնդոնյան «Չելսիից» ու Դորտմունդի «Բորուսիայից»: Լրացնենք այդ բացը: Այսպես, բավականին անակնկալ կերպով Ժոզե Մոուրինյոյի նոր թիմը 1:2 հաշվով պարտություն կրեց «Բազելից», այն էլ` սեփական հարկի տակ, այն էլ` բարձրարժեք ֆուտբոլիստներ ունենալու պարագայում, սակայն չմոռանանք, որ սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ:
Հաջորդ անակնկալի հեղինակը դարձավ Նեապոլ հյուր գնացած «Բորուսիան», որը պարզապես հիանալի է մեկնարկել բունդեսլիգայի առաջնությունում` հինգ խաղում վաստակելով միավորների առավելագույնն ու միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Հարկավ, Կլոպը հավուր պատշաճի վերլուծություններ կանի «Նապոլիից» կրած պարտությունից (1:2): Մանրամասների մեջ չմտնենք, բայց չասել էլ չի լինի, որ թիմը տևական ժամանակ խաղացել է տասը հոգով, իսկ «Բորուսիան» որքան էլ ազդեցիկ լինի իր խաղով, այդուհանդերձ «Նապոլին» այն թիմը չէ, որ չկարողանար այդպիսի նվերը ձեռքից բաց չթողնել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ